BitTorrent-ը կմրցակցի Google Drive-ի և iCloud-ի հետ

22:58 • 27.01.13

Ֆայլերի հավաքական ներբեռնումների տեխնոլոգիայի հեղինակ BitTorrent Inc. ընկերությունը հայտարարել է նոր՝ օգտատերերի միջև տվյալների սինխրոնիզացման ծրագրի մեկնարկի մասին, տեղեկացնում է Известия-ն:

 

Ներկայում Sync անվանմամբ ծրագիրը beta տարբերակի փուլում է և հասանելի է միմիայն այն օգտատերերի համար, որոնք հատուկ անկետա են լրացրել և ընկերության կողմից հրավիրվել են մասնակցելու ծրագրի թեսթավորմանը:

 

Այս ծրագրով BitTorrent ընկերությունը կմրցակցի բազմաթիվ «ամպային» ծառայությունների հետ, որոնցից շատերն ունեն տվյալների սինխրոնիզացման գործառույթ: Sync-ի հիմնական տարբերությունը նրանումն է, որ տարբեր սարքերի միջև տեղեկատվության փոխանակման համար օգտագործվում է BitTorrent պրոտոկոլը. տվյալները չեն տեղակայվում որևէ ընկերության մասնավոր սերվերներում, ի տարբերություն, օրինակ, Dropbox, Google Drive, «Яндекс.Диск» և iCloud ծառայությունների:

 

Ծրագրի առավելությունը նաև տվյալների արագ փոխանակման հնարավորությունն է, քանի որ այս գործընթացում արագության սահմանափակում կարող է լինել միայն ինտերնետ կապուղու թողունակության պատճառով, այլ ոչ թե պայմանավորված լինել «ամպային» պահուստի տվյալների մշակման կենտրոնի լավ կամ վատ աշխատանքով:

 

 

«Яндекс.Диск» ծառայության ղեկավար Վլադիմիր Ռուսինովի խոսքով՝ այս ծրագիրը նախընտրելի կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են միմյանց համակարգիչների միջև կապ հաստատել և չեն ցանկանում կամ վախենում են իրենց տվյալները պահել սեփական սարքերից դուրս՝ այլ սերվերներում:

 

Սակայն, ծառայությունն ունի նաև իր բացասական կողմերը: Օրինակ՝ տվյալների փոխանակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկու սարքերն էլ միացված են: Օրինակ, սմարթֆոնի վրա դուք չեք կարող բացել ձեր համակարգչի որևէ ֆայլ, եթե համակարգիչը անջատած է կամ համացանցին միացված չէ:

 

Բացի այդ, եթե ձեր համակարգչի կոշտ սկավառակը փչանում է կամ համակարգիչը գողանում են, ապա դուք կորցնում եք ձեր տվյալները, ի տարբերություն «ամպային» սերվերների, որոնք երբեք անջատված չեն լինում և մշտապես հասանելի են, ինչպես նաև չի կորչում որևիցե տվյալ, նույնիսկ եթե օգտատիրոջ համակարգիչը շարքից դուրս է գալիս:
 

BitTorrent-ը կմրցակցի Google Drive-ի և iCloud-ի հետ