3D սերնդի հեռուստացույցների դարաշրջանն ավարտվա՞ծ է. շուկան «գրոհել են» 4K հեռուստացույցները (տեսանյութ)
Տեխնոլոգիաների ոլորտն օրեցօր զարգանում է՝ սպառողներին ներկայացնելով նոր սերնդի, առավել կատարելագործված սարքեր։ Հաշվի առնելով այս զարգացումները՝ Daily Mail պարբերականը նշում է, որ 3D սերնդի հեռուստացույցների դարաշրջանն արդեն մոտենում է իր ավարտին, քանի որ արտադրողները ներկայացրել են 4K սերնդի հեռուստացույցները։
Գերբարձր որակային հատկանիշերով օժտված այս հեռուստացույցները 16 անգամ ավելի պարզ են ցույց տալիս պատկերը՝ ի տարբերություն սովորական հեռուստացույցների։ Սակայն այս նորույթը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ոչ միայն բավական մեծ գումար, այլ նաև շատ ազատ տարածություն, քանի որ հեռուստացույցի տրամագիծը 2.2 մ է։
Ճապոնական Sony ընկերությունն արդեն ներկայացրել է նշված սերնդից մի մոդել, որն ունի 2.2 մ լայնություն և վաճառվում է 40 հազար դոլարով։ Հայտնի է, որ նոր սերնդի հեռուստացույցի առաջին գնորդներն են եղել բրիտանացի հանրահայտ երգիչ Ջորջ Մայքլն ու Մերձավոր Արևելքի միապետերից մեկը։
Բացի այդ, 4K հեռուստացույցները կարող են լուծել ընտանեկան տարաձայնությունները, որոնք կապված են հեռուստացույց դիտելու հետ։ Պատճառն այն է, որ նոր հեռուստացույցի էկրանն այնքան մեծ է, որ այն հնարավոր է «կիսել» և միևնույն ժամանակ 2 տարբեր հաղորդում կամ ֆիլմ դիտել։










