iPhone-ն այլևս պաշտամունքային չէ Ասիայի թրենդային քաղաքներում. Business Insider
Apple Inc.-ի պաշտամունքային iPhone-ն այլևս այդպիսին չէ Ասիայի թրենդային քաղաքներում, հայտնում է Business Insider-ը:
Ասիայի այնպիսի «փողոտ» երկրներում, ինչպիսիք են Սինգապուրն ու Հոնգ Կոնգը, iPhone-ը կորցրել է իր շուքը, դարձել փոփոխվող բջջային սովորույթների զոհը:
Բանն այն է, որ տարբերվելու մղումով՝ սպառողներն այլ ապրանքանիշերով են հետաքրքրվում, ինչպիսին է, օրինակ, Samsung Electronics-ը:
2012-ի հունվարին, օրինակ, Apple-ի բաժինը Սինգապուրի շուկայում կազմել է 72 տոկոս, իսկ այժմ 50 տոկոս է, մինչդեռ անցած տարվա նույն շրջանում 20 տոկոսի մասնաբաժին ունեցող Android սարքերինը հասել է 43 %-ի:
Հոնգ Կոնգում Apple-ն այժմ 30 տոկոս բաժին ունի անցած տարվա 45-ի փոխարեն, իսկ Android-ները կազմում են մոտ 2/3-րդը:
Աղբյուրն արձանագրում է, որ Apple-ը դեռ հեղինակավոր է համարվում, բայց կան շատ այլ զիլ սմարթֆոններ: Իսկ Android-ը դառնում է մի բան, որն իսկապես դժվար է արհամարհել:
Ոլորտի մասնագետներից մեկը պատկերավոր բացատրել է, որ IPhone-ները Louis Vuitton պայուսակների պես են. այնքան շատ մարդիկ ես տեսնում դրանցով, որ դրանից ունենալու ցանկությունդ կորչում է:










