«Վճարովի Twitter-ը» թողարկել է նիշքերի պահպանման ծառայություն
App.net սոցկայքի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն շփվելուց բացի նաև նիշքեր (ֆայլ) պահել հեռավոր սերվերներում։ «Վիրտուալ հիշողության կրիչի (ֆլեշի)» ծավալը կազմում է 10 գիգաբայթ, իսկ 1 նիշքի չափը չպետք է գերազանցի 100 մեգաբայթը, հայտնում է Вести-ն։
App.net-ը, որին լրատվամիջոցները կնքել են «վճարովի Twitter» անվանումով, սկսել է իր աշխատանքը 2012թ. օգոստոսին։ Դրա հեղինակներին հաջողվել է ընդամենը 1 ամսում 660 հազար դոլար հավաքել այդ նախագիծն իրագործելու համար. App.net-ին անդամակցության տարեկան վճարը կազմում է 36 հազար դոլար։
Նոր ծառայությունն առաջարկում է միկրոբլոգներ վարել, սակայն առանց գովազդի։ Բացի այդ, App.net-ում մի հաղորդագրությունը սահմանափակվում է ոչ թե 140, այլ 256 սիմվոլներով, իսկ օգտատերերն էլ լիիրավ վերահսկում են իրենց անձնական տվյալները։
Բացի հաղորդագրություններից, օգտատերերն ազատ ելք ունեն դեպի լուսանկարները, տեսանյութերը, փաստաթղթերը և ցանկացած այլ տեղեկություններ, որոնք կապված են սոցկայքում ունեցած հաշվի հետ։ Նման մոտեցումն էապես տարբերում է App.net-ը մյուս սոցկայքերից, ինչպիսիք են, օրինակ, Facebook-ն ու Google+, որոնց դեպքում բոլոր տվյալները գտնվում են սեփականատեր ընկերությունների տնօրինության տակ։










