«Քաղաքական ֆեյսբուքահայության» թվացյալ ակտիվությունը. Հայաստան vs Վրաստան
Տպավորությանը, որ քաղաքական ֆեյսբուքահայությունը բավականին ակտիվ է, և քիչ թե շատ նշանակալից քաղաքական, տնտեսական, մշակութային նախագծի առաջին «ռեցենզիաները» նախ հնչում են Facebook-ում (օրինակ՝ «Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի շուրջ կամ ՀՀ նախագահների թեկնածուների քարոզարշավի արձագանքը Facebook -ում), հնարավոր է՝ խաբուսիկ է, քանի որ վիճակագրությունն այլ բան է փաստում:
Մասնավորապես, եթե նկատի ունենանք, որ Հայաստանում ֆեյսբուքյան օգտատերերի թիվը, ըստ այս սոցիալական կայքում մոնիտորինգ իրականացնող socialbakers.com կայքի՝ մոտ 382 հազ. է, իսկ մեր երկրում քաղաքական գործիչներից Facebook-ում ամենաշատ հետևորդներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մոտ 24 հազար, (այդքան մարդ like-ել է ԲՀԿ առաջնորդի պաշտոնական էջը ), ապա նրա հետևորդների տոկոսը հայ ֆեյսբուքցիների ընդհանուր թվից կազմում է մոտ 6.3 տոկոս:
Գոնե առաջին հայացքից ակնհայտ է, որ այս իմաստով երկրորդ տեղում է ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով սակայն Facebook-ում է որպես անհատ և ստիպված է ընկերների քանակը սահմանափակել Facebook-ի սահմանած սահմանաչափով՝ 5000-ով և մոտավորապես այդքան էլ ընկեր ունի, բայց նաև ունի մոտ 7 400 բաժանորդ (subscriber), այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 12.4 հազ հետևորդ: Երրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ներկայում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընդամենը երկու շաբաթ առաջ բացված էջն է, որն արդեն 9.3 հազ. like ունի։ Նկատենք, որ թեև երկու շաբաթը շատ ժամանակ չէ, այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք, որ Facebook-ում «Ժառանգության» համակիրները բավական ակտիվ են, թերևս կարելի է հանգել Հայաստանում Facebook-ի ոչ մեծ քաղաքականացվածության մտքին՝ մասնավորապես, համեմատած մեր հարևան երկրներից մեկի՝ Վրաստանի հետ։
Համեմատությունը հենց այս երկրի օրինակով էլ կանենք։ Նախ նշենք, որ Վրաստանում քաղաքական գործիչների համեմատ «ֆեյսբուքյան հետաքրքրությունը» բազմապատիկ անգամ ավելի մեծ է, քան Հայաստանում՝ անգամ եթե հաշվի ենք առնում բնակչության թվաքանակի և բնակչության՝ Facebook-ում ներգրավվածության ցուցանիշները տարբերությունները։
Նախ` դիտարկենք Facebook-ի կիրառելիությունը երկու երկրներում։
Եվ այսպես, եթե հիմնվենք socialbakers.com կայքի տվյալների վրա, ապա Հայաստանում, որի բնակչությունն այդ կայքում 2.98 մլն է, Facebook-ում ներգրավված է բնակչության 12.9%-ը կամ ինտերնետում ներգրավված բնակչության 28.1%-ը։
Իսկ ահա Վրաստանում պատկերն այսպիսին է. բնակչությունը գնահատվում է 4.63 մլն, Facebook-ում ներգրավված է բնակչության 20,6%-ը կամ մոտ 955 հազ. մարդ, որը միաժամանակ ինտերնետում ներգրավված բնակչության 81.6%-ն է, ինչը, պետք է նկատել, բավական բարձր ցուցանիշ է։
Անցնելով քաղաքական գործիչների համեմատությանը, նկատենք, որ Վրաստանում ամենամեծ հետևորդների բանակն ունի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ շուրջ 313 հազար Like-երով։ Նկատենք, սակայն, որ դրանցից միայն 2/3-րդը կամ շուրջ 200 հազ.-ն է Վրաստանում գրանցված օգտատեր, իսկ մնացածը արտասահմանից են։
Իվանիշվիլիին հետևում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում էջին Like է տվել շուրջ 227 հազ. մարդ, որոնցից 177 հազ.-ը Վրաստանից:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ մեծ առումով էջին Like –երը ոչ մի բան չեն նշանակում և դրանք ավելի շատ նման են քվեարկության օրվա «մեռած հոգիներին»: Իսկ իրական թվերի մասին , ըստ Սամվել Մարտիրոսյանի, պատկերացում է տալիս մեկ ուրիշ ցուցանիշ, թե քանի՞ մարդ է այդ մասին խոսում. talking about this.
«Like-երը սկզբունքորեն ոչինչ չեն նշանակում, որովհետև, ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց դրանք ազատ վաճառվում են: Ու դրանք կարող են ծիծիլիոն հատ լինել: Մարդը, օրինակ, իր էջն է պատվիրում իր քաղաքական թիմին, թիմը վերցնում ու տենց «պուպուշ» ցույց տալու համար կարող է մի քանի հարյուր դոլարով առնել մի քանի հազար Like: Այնպես որ, պետք է նայել ռեալ մարդկանց ակտիվությանն այդ էջի շուրջ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նշենք, որ նույն Գագիկ Ծառուկյանի էջը «հավանած» 24 հազ.-ից միայն 4.9 հազ.-ն է Հայաստանում գրանցված օգտատեր։ Իսկ էջում մեր նայած պահին 76 մարդ էր ակտիվ (talking about):
Մեդիա փորձագետի ամփոփմամբ՝ ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տարածված է հազարավոր Like գնելը: «Մյուս կողմից, քաղաքական գործիչները շատ քիչ են ռեալ ներգրավված: Այսինքն՝ իրենց երիտթևերը շատ խցկված են, ու ուր մտնում ես՝ իբր իրար հետ պատերազմ են անում, բայց կոնկրետ քաղաքական գործիչներից միայն մի քանիսն են»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Կուսակցական ֆեյսբուքցիներից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը և ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանը, ըստ մեր զրուցակցի, այս իմաստով՝ «գելեր» են, ովքեր ակտիվ են նաև ինտերակտիվ հարցուպատասխանի գործում, ոչ թե իրենց քարոզչությունն են տանում ու իրենց էջը copy paste-երով լցնում:
Ըստ փորձագետի՝ Facebook-ը Հայաստանում քաղաքական հարթակ ծառայելու դեռ էլի աճելու տեղ ու պոտենցիալ ունի, քանի որ, նրա խոսքով, եթե Վրաստանում արդեն օգտատերերի թվով հասել է հագեցման, ապա մեզ մոտ դեռ գործընթացը նոր-նոր է թափ առնում: Ինչու՞, որովհետև մինչ այդ հայերը «Odnoklassniki»-ում էին։










