Հնդկաստանը փորձարկել է ստորջրյա մեկնարկի K-15 ռազմավարական հրթիռը

01:12 • 29.01.13

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և նախագծերի կազմակերպությունը (DRDO) հունվարի 27-ին հաջողությամբ փորձարկել է սուզանավերի համար նախատեսված նոր K-15 Sagarika ռազմավարական բալիստիկ հրթիռը, հաղորդում է lenta.ru-ն:


Հրթիռի մեկնարկը իրականացվել է ստորջրյա դիրքից Բենգալյան նեղուցում Վիշակխապատնամի ափերի մոտ: Հրթիռը մեկնարկել է հատուկ հարմարանքից, որը տեղադրված էր ստորջրյա հարթակի վրա:


DRDO-ի տվյալներով՝ հրթիռը, որը ստացել է B05 անվանումը, բաց է թողնվել իր առավելագույն հեռավորության վրա և մարտական հատվածն ընկել է հաշվարկային կետում:


Թռիչքի հետագծին DRDO-ի մասնագետները հետևել են ռադարի օգնությամբ: Փորձարկման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, քանի որ K-15-ի փորձարկման բոլոր պարամետրերը գաղտնի են:


Հնդկական K-15 հրթիռը, ենթադրաբար, 750-1500 կմ հեռահարություն ունի: Կարող է կրել մինչև 500 կգ մարտական հատված` սովորական կամ միջուկային մարտագլխիկով:


Ապագայում K-15-ը պետք է դառնա հնդկական ատոմային «Արիխանտ» սուզանավի հիմնական զինատեսակը, որը այդպիսի 12 հրթիռով զինված կլինի:

 

Հնդկաստանը փորձարկել է ստորջրյա մեկնարկի K-15 ռազմավարական հրթիռը