Ամերիկացիները երկնքից հետևելու նոր համակարգ են ստեղծել (տեսանյութ)
ԱՄՆ ՊՆ հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը` DARPA-ն տեսահսկման նոր համակարգ է ներկայացրել: Ստեղծողներն այն կոչել են ARGUS: Նոր համակարգը տեղակայվում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վրա, հաղորդում է russian.rt.com-ը:
Համակարգը բաղկացած է 365 ֆոտոմատրիցաներից, որոնցից յուրաքանչյուրը` 5 մեգապիկսել: Այսպիսով, ամերիկացիները ստացել են մի օբյեկտիվ, որն աշխարհում ամենամեծ կետայնությունն ունի` 1,8 գիգապիկսել: Իսկ պատկերի ֆիքսումն ու ֆոկուսը իրականացվում են 4 կայունացված օբյեկտիվներով:
Օրինակ, տեսանյութում, որը նկարահանվում է 6 կմ բարձրությունից, հնարավոր է մանրամասնորեն ուսումնասիրել օբյեկտը, որը ընդամենը 15 սմ տրամագիծ ունի:
Երկու ԱԹՍ-ներ, որոնք համալրված են ARGUS համակարգով կարող են ամբողջ Մանհեթեն կղզու հետախուզում իրականացնել 24/7 ժամանակահատվածում:
Սարքի աշխատանքի արագությունը վայրկյանում 12 կադր է: Պատկերի նման բարձր որակի պարագայում տեղեկությունները հիշողության հսկայական ծավալ են զբաղեցնում: Այն մինգամից ԱԹՍ-ի վրա պահելն ու մշակելը անհնար է` այդ նպատակով սուպերհամակարգիչ է պետք: Միայն մեկ օրվա ընթացքում այնտեղ կկուտակվի մինչև 6 Պետաբայթ (1 Պետաբայթը = 1024 Տերաբայթ) տեղեկություն:
Բացի այդ, Argus-ը հսկման ավտոմատ` Persistics համակարգով է համալրված, որը որոշակի գոտիներ է առանձնացնում պատկերում, օրինակ, ավտոմեքենաները կամ մարդկանց: Դա անչափ հեշտացնում է հսկման ընթացքը:
Ի սկզբանե համակարգը նախատեսվում էր կիրառել Աֆղանստանում, սակայն ԱՄՆ ՊՆ հրաժարվեց: Տվյալների վերամշակման համակարգը դեռ պատրաստ չէ ստացվող տեղեկությունների նման ծավալին:










