Գիտնականներն առաջին անգամ ականատես են եղել՝ ինչպես են դելֆինները փրկում մահվան շեմին հայտնված ցեղակցին
Գիտնականներն արձանագրել են դելֆինների խմբի կողմից սատկող տարեց առանձնյակի փրկության փորձի առաջին դեպքը, հայտնում է BBC-ն:
Դեպքն արձանագրվել է Հարավային Կորեայի հարավ-արևելյան ափերի մոտ:
Մինչ այդ գիտնականներին հայտնի էին դեպքեր, երբ մեկ կամ երկու հասուն դելֆիններ փորձել են փրկել իրենց ձագերին: Սակայն տարեց ցեղակցի հանդեպ կոլեկտիվ խնամքն առաջին անգամ է նկատվում:
«Լաստ» կազմած 5 դելֆիններ իրենց մեջքներին տեղափոխել են սատկող կենդանուն, որի լողակները կաթվածահար էին եղել: Հետաքրքիր է, որ փրկարար-դելֆինների խումբն առանձնացել է 400 դելֆինների վտառից: Դելֆիններից մեկը փորձել է սատկող կենդանու գլուխը ջրից դուրս պահել:
Չնայած ջանքերին, տարեց դելֆինը սատկել է րոպեներ անց: Իսկ վտառը մի որոշ ժամանակ շարունակել է իր ջանքերը:










