BlackBerry ներկայացրել է 2 նոր սմարթֆոն
Կանադական Research in Motion (RIM) կազմակերպությունը ներկայացրել է առաջին 2 սմարթֆոնները, որոնք պետք է աշխատեն BlackBerry 10 օպերացիոն համակարգով, որի միջոցով կազմակերպությունը ցանկանում է վերադարձնել բջջային շուկայում կորցրած իր դիրքերը: Այս մասին Նյու-Յորքի պրեզենտացիայի ժամանակ հայտնել է RIM-ի գլխավոր տնօրեն Տորստեն Հեյնսը, հայտնում է Риа Новости-ին:
RIM-ը ներկայացրել է Z10 և Q10 մոդելները, որոնցից մեկը ունի սենսորային էկրան, իսկ երկրորդը զինված է նաև QWERTY ստեղնաշարով:
BlackBerry 10 հիմքով առաջին ապրանքների ներկայացմանը զուգահեռ Հեյնսը նշել է, որ կազմակերպության անունը կդառնա BlackBerry, որը կհեշտացնի ապրանքանիշի ընկալումը:
BlackBerry 10-ը հիմնված է QNX համակարգի վրա, որի նախագծողին 2010 թվականին գնել էր RIM-ը: Համակարգը հնարավորություն է տալիս մի ծրագրից արագ տեղափոխվել մեկ այլ ծրագիր:
Ըստ IDC վերլուծական կազմակերպության տվյալների` 2012 թվականի արդյունքում RIM-ը սմարթֆոնների շուկայում զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը՝ 4,6% մասնաբաժնով, սակայն անցյալ տարվա վերջին քառամսյակում կազմակերպությունը չէր հայտնվել խոշորագույն արտադրողների հնգյակում:










