Փորձագետները Facebook-ի եկամտի աճ են կանխատեսում
Facebook ընկերությունը պատրաստվում է ներկայացնել 2012թ. վերջին եռամսյակի հաշվետվությունը, որը նոր հույսեր կարող է տալ բաժնետերերին և ոլորտի վերլուծաբաններին, գրում է Газета-ն։ Փորձագետներն ակնկալում են զուտ շահույթի աճ, եկամտի աճի արագացում, ինչպես նաև առաջխաղացում բջջային գովազդի բնագավառում։
Հեղինակավոր Bloomberg գործակալությունը հարցում է անցկացրել մի քանի վերլուծաբանների շրջանում, ովքեր կանխատեսել են, որ 2012-ի վերջին եռամսյակում Facebook-ի եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կարձանագրի 34%-ի աճ՝ հասնելով 1,52 մլրդ դոլարի։
Facebook-ի եկամտի հիմնական մասը գոյանում է գովազդներից։ Անցած տարվա 3-րդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ գովազդն ապահովել է սոցկայքի եկամտի 86%-ը։ Deutsche Bank-ի, Credit Suisse-ի և Bank of America -ի վերլուծաբանները խորհուրդ են տալիս վստահորեն գնել Facebook-ի արժեթղթերը։










