Google+ սոցկայքն ակտիվ օգտատերերի թվով գերազանցել է Twitter-ին
2012թ. տվյալների համաձայն՝ Google+ սոցկայքն իր ակտիվ օգտատերերի թվով գերազանցել է Twitter-ին՝ Facebook-ից հետո դառնալով աշխարհում 2-րդ խոշոր սոցկայքը, հայտնում է Ведомости-ն։
Ներկայում Twitter-ն ունի 288 մլն ակտիվ օգտատեր, իսկ Google+-ը՝ 348 մլն։ Սակայն GlobalWebIndex (GWI) ընկերության, որն էլ հրապարակել է այս տվյալները, խորհրդատվության բաժնի տնօրեն Բրեդ Փիթերսենն անկեղծորեն նշել է, որ իրականում Google+-ը գերազանցել է Twitter-ին դեռևս 2012թ. 2-րդ եռամսյակի ընթացքում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Իսկ 2012թ. վերջին Twitter-ն օգտատերերի թվի վերաբերյալ սոցկայքերի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է միայն 4-րդ հորիզոնականը։
Փիթերսենը նշել է, որ GWI-ի տվյալների համար հիմք է ծառայել աշխարհի խոշորագույն 31 երկրերի 11 հազար օգտատերերի շրջանում անցկացված առցանց սոցհարցումը։ Նա նաև ընդգծել է, որ Google+-ն օգտատերերի թվի կտրուկ աճ է արձանագրել այն բանի շնորհիվ, որ Google-ը տարբեր ծառայություններին, օրինակ՝ Gmail-ին բաժանորդագրվողներին առաջարկում է ավտոմատ կերպով հաշիվ բացել Google+-ում։ Փիթերսենը նշել է, որ դրանից հետո այդ ծառայություններից որևէ մեկին միանալու դեպքում դա համարվում է մուտք դեպի Google+:










