ԱՄՆ-ում փոքր և հզոր ռազմական լազեր է ստեղծվել, որը կործանիչների վրա կտեղադրվի

00:19 • 31.01.13

Ամերիկյան ինժեներներն աշխատում են նոր մակարդակի և հզորության HELLADS լազերային զենքի ստեղծման վրա, որով կհամալրվեն ԱՄՆ օդուժի կործանիչները: Նման համակարգերի առաջին փորձարկումները կսկսվեն 2014թ., հաղորդում է russian.rt.com-ը:


ԱՄՆ պաշտպանական գիտահետազոտական նախագծերի գործակալությունը` DARPA-ն հայտարարում է, որ HELLADS լազերային սարքերն առանձնանում են ոչ միայն բարձր հզորությամբ, որը 150 կվտ է կազմում, այլ նաև իր փոքր չափերով և քաշով` այն 10 անգամ թեթև և փոքր է ժամանակակից նմանօրինակ սարքերից:


Այսպիսով, ԱՄՆ բանակը կհամալրվի մի համակարգով, որը հնարավոր է տեղակայել ինչպես զրահատեխնիկայի, այնպես էլ օդանավերի և նավերի վրա:


Ներկայում պատրաստ է միայն մեկ լազերային սարք, որը կօգտագործի ԱՄՆ ՌՕՈւ-ն: Երկրորդ նման համակարգը պատրաստ կլինի մոտ ժամանակ: Հունվարի 17-ին Պենտագոնը ևս մեկ HELLADS համալիրի կառուցման պատվեր է իջեցրել, որը կտրամադրվի երկրի ՌԾՈւ-ին:


HELLADS համակարգը, նախագծողների խոսքով, նախատեսված է հրթիռների ոչնչացման, ցամաքային զենիթա-հրթիռային համալիրների վտանգի չեզոքացման և այլ տեսակի խնդիրներ լուծելու համար:


Մարտական լազերների փորձարկումներ նախկինում ևս իրականացվել են, սակայն մեծ չափերի պատճառով դրանք տեղակայվում էին հսկա Boeing 747 օդանավերում:


Սակայն, նոր ստեղծված համալիրը հնարավոր է տեղակայել սովորական կործանիչների վրա և ոչ միայն, հնարավոր է, որ նունիսկ անօդաչու թռչող սարքերը դրանցով զինվեն:


Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետները և գիտնականները լազերների կիրառումը հեռանկարային ուղղություն չեն համարում, գրում է Scientific American պարբերականը:
Նրանց կարծիքով, նման զենքը մարտական պայմաններում առավելություն չի ապահովում:
 

ԱՄՆ-ում փոքր և հզոր ռազմական լազեր է ստեղծվել, որը կործանիչների վրա կտեղադրվի