Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց նրա հայտարարությունների մեծ մասը հենց այնպես խոսքեր են. Ս. Օհանյան

16:32 • 01.02.13

Այսօր գտնվում ենք մի փուլում, որ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն։ Ասվում է, որ զինադադար է, բայց այդ համաձայնագիրը խախտվում է. «Սինոփսիս Արմենիայում» ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ուսանողների հարցերին։


«Ադրբեջանի ղեկավարությունը ինչպես 1992-ին մեզ պատերազմ պարտադրեց, այնպես էլ այսօր փորձում է բանակցային գործընթացում ստանալ միակողմանի առավելություններ, լուծումներ։ Հարցի լուծման պարագայում բոլոր կողմերն էլ հիվանդագին բաներ կունենան, առանց դրա անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմը չի լուծվել, մենք դա հասկանում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։


Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է միակողմանի պարտադրանքի դիմել՝ ռազմական հռետորաբանությամբ, տարբեր արտահայտություններով, սպառազինությունների մրցավազքով, բյուջետային հիստերիայով։


«Այդ ամենը խոսում է նրա մասին, որ իրենք, իրոք, պատրաստվում են պատերազմի։ Բայց այս ամենի առկայության պայմաններում առաջին գծում համեմատելով մեր ունակությունները, մեր ոգին, ես գալիս եմ այն եզրակացության, որ դրանց մի մասը հենց այնպես խոսքեր են»,- ասաց նա։


Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ առաջին գծում գտնվող զինվորն այժմ պարտադրողի դերում է և այդպես էլ լինելու է միշտ։