ԼՂՀ նախագահը Ասկերանում գյուղատնտեսության թեմայով խորհրդակցություն է անցկացրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է քաղաք Ասկերան, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից։
Իր ելույթում ԼՂՀ նախագահը նշել է, որ Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Շրջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը` հանրապետության կենտրոնական մասում, կարևորագույն մայրուղիների խաչմերուկում տեղակայված լինելը և մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը, ջրային պաշարների ու լայն ճանապարհային ցանցի առկայությունը ոլորտի զարգացման համար ստեղծում են հզոր խթաններ:
Բակո Սահակյանը նշել է, որ այս ամենը լավագույնս օգտագործելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք` ինչպես տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ շրջանային ու հանրապետական օղակների մակարդակով:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող նոր ծրագրերին` ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ դրանց հիմնական նպատակն է շահագրգռել տնտեսավարող սուբյեկտներին, բարենպաստ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքը ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:










