Պարույր Հայրիկյանի վնասվածքը լրջորեն չի ապակայունացնի իրավիճակը Հայաստանում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15:51 • 01.02.13

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը չի ապակայունացնի իրավիճակը Հայաստանում։ Երևան-Աստանա-Կիև-Մինսկ հեռուստակամրջի ձևաչափով տված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ խոսելով նախօրեին Երևանում տեղի ունեցած միջադեպի մասին։

 

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն համայնքում՝ Տպագրիչների փողոցի վրա, անհայտ անձինք կրակել են Հայաստանի նախագահի թեկնածուի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նշենք, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։

 

«Ընտրությունների նախօրեին սա շատ լուրջ դեպք է։ Ես սա չէի որակի որպես մահափորձ, ես կարծում եմ, որ նախքան որակավորում տալը, անհրաժեշտ է պարզել մանրամասները»,- նշել է Բորդյուժան՝ ընդգծելով, որ նա խորապես վստահ է, որ «Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք միշտ տարբերվել են իրենց պրոֆեսիոնալիզմով, շատ արագ կպարզեն իրավիճակը և կգտնեն մեղավորին»։

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այլ մեկնաբանություններ չի տվել՝ բացատրելով դա նրանով, որ դեպքը պատահել է կեսգիշերին մոտ, և դեռևս բավական տեղեկություն չկա որևէ վերլուծություն անելու համար։ «Սակայն չեմ կարծում, որ այս դեպքը լրջորեն կապակայունացնի իրավիճակը Հայաստանում»,- նշել է Բորդյուժան։


Նա ընդգծել է, որ ցավալի է, որ դեպքը տեղի է ունեցել ընտրությունների նախօրեին, որոնց այդքան քիչ ժամանակ է մնացել, և որ այս միջադեպը կարող է ընտրությունները հետաձգելու պատճառ հանդիսանալ։

 

«Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ այս դեպքը կարող է փոխել իրավիճակը Հայաստանում։ Ես նոր եմ այնտեղից վերադարձել (Հայաստանից-Tert.am), և կարող եմ ասել, որ ամբողջ նախընտրական քարոզարշավն ընթանում է հարթ, հանգիստ, չափավոր, ժողովրդավարական նորմերի սահմաններում, որոնք պետք է պահպանվեն»,- հայտնել է Բորդյուժան։