ՀԱԿ ակտիվիստները ավելի լայնածավալ կդարձնեն ակցիաները. բողոքի ցույց Գլխավոր դատախազության մոտ

17:43 • 01.02.13

«Հայ ազգային կոնգրեսը» ընդդիմադիր դաշինքը ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ շարունակում է իր ուրբաթօրյա ակցիաները՝ պահանջելով արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին և 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանին։ 


Սարգիս Գևորգյանը, ով նույնպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց պայմանական ազատության մեջ է, Tert.am-ի հետ զրույցում զգուշացրեց, որ նման ակցիաներով իրենք չեն սահմանափակվելու։


«Ավելին, որքան մոտենա վճռաբեկի վճռի օրը, այնքան ինտենսիվանալու և ավելի լայնածավալ են դառնալու մեր ակցիաները»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստների բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:


ՀԱԿ ակտիվիստները Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկել էին Հայաստանի Վճռաբեկ դատարանում, սակայն դատարանը վերջերս վերադարձրել է վճռաբեկ բողոքները` դրանց թերի լինելու պատճառով և 20–օրյա ժամկետ տվել՝ թերությունները շտկելու և բողոքները վերադարձնելու համար։


Սարգիս Գևորգյանի խոսքով՝ այս ակցիաններն ինքնանպատակ չեն, և իրենք կոնկրետ առաջընթաց են գրանցում։


«Միայն այս ակցիան չի, եթե հետևեք, կտեսնեք, թե ինչ ակցիա է իրականացվում միջազգային կառույցների հետ։ Արդեն իսկ մի քանի կառույցներ արձագանքել են։ Եվրոպայի Խորհրդարանում նույնիսկ ֆրանսիացի պատգամավորի կողմից հարց է բարձրացվել։ Այսինքն՝ միջազգային կառույցների հետ աշխատանքն էլ բավարար արդյունավետ է անցնում»,- ասաց նա։


Սարգիս Գևորգյանը համամիտ չէ այն տեսակետներին, թե ՀԱԿ շարքերը նոսրանում են և համոզված է, որ դա իշխանությունների քարոզչության հետևանք է։


«Հայ ազգային կոնգրեսի շարքերը չեն նոսրանում, հնարավոր է միջոցառումների թիվն է պակասում կամ միջոցառումների բնույթը փոխվում, բայց ինձ թվում է շարքերը նոսրանալու խնդիր չկա։ Հարկ եղած դեպքում Կոնգրեսը նույնքան հզոր հանրահավաքներ կանի, նույնքան բողոքի ակցիաներ կանի, որոնք ի վերջո կհանգեցնեն նպատակի իրականացմանը»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է ընտրություններին, և մասնավորապես երեկ կեսգիշերին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին, ընդդիմադիր ակտիվիստը նշեց, որ այս ընտրությունները դրանով ևս դասվեցին արյամբ անցկացված ընտրությունների շարքին։


«Այն կդասվի արյամբ անցկացված ընտրությունների շարքում։ Չեմ կարող ասել, ինչ ազդեցություն կունենա այս միջադեպը ընտրությունների վրա, բայց ինչպես ես, այնպես էլ շատերը համոզված ենք, որ բեմականացում են և նախօրոք կանխորոշված են սրանց ելքը»,-եզրափակեց նա։