Պարույր Հայրիկյանի մարմնից հեռացվել է գնդակը, լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ կլինի 7-10 օր (տեսանյութ)
Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը քիչ առաջ լրագրողներին վստահեցրեց, որ Պարույր Հայրիկյանի վիրահատությունը լավ է անցել, և նրա վիճակը գնահատվում է բավարար: «Հեռացվեց գնդակը, որը գտնվում էր աջ արմունկային հատվածի փափուկ հյուսվածքներում: Այժմ նա գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա, ցավեր չունի, արյան ճնշումը և գիտակցությունը նորմալ են: Կմնա վերակենդանացման բաժնում վերահսկողության տակ՝ 2-3 օր, հետո կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք»,-ասաց նա:
Բժիշկը ընդգծեց, որ ամբողջովին ապաքինման համար անհրաժեշտ է առնվազն 7-10 օր: Հիվանդանոցի փոխտնօրենը հիշեցրեց, որ Պարույր Հայրիկյանին հիվանդանոց են տեղափոխել գիշերը: «Հրազենային վնասվածքից հետո հիվանդը կարգավորվեց ամբողջովին՝ հիվանդանոցային պայմաններում: Վիճակի կայունանալուց հետո առավոտյան 10:30 կատարվեց վիրահատություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։










