ԱԺ ՀՀ-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցչին
Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը փետրվարի 1-ին հանդիպել է Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-Ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծել են, որ թեև Հայաստանի անկախացումից հետո՝ անցած քսան տարիների ընթացքում, միջպետական հարաբերություններում, տնտեսական համագործակցության ոլորտում նշանակալից տեղաշարժեր են արձանագրվել, փոխադարձ հետաքրքրությունները ավելի են մեծացել, բայց երկու երկրները փոխգործակցության դեռևս մեծ ներուժ ունեն, ինչը պետք է կյանքի կոչել իրատեսական ու փոխշահավետ ծրագրերի իրականացմամբ:
Սամվել Ֆարմանյանը միջխորհրդարանական կապերի զարգացման առումով կարևորել է խորհրդարանականների փոխայցերն ու համատեղ քննարկումները և Տակեշի Հիկիհարային խնդրել Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններից հետո նոր կազմավորված Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին փոխանցել իր հրավերը՝ այցելելու Հայաստան և գումարելու բարեկամական խմբերի համատեղ նիստ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Տակեշի Հիկիհարան հավաստիացրել է, որ Ճապոնիան շարունակում է պաշտպանել հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով, Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու մոտեցումը: Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման համար:
ՀՀ-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն բացելու անհրաժեշտությանը, ինչը, նրա գնահատմամբ, ավելի կակտիվացնի երկկողմ հարաբերությունները: ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը, համաձայնելով ԱԺ պատգամավորի դիտարկմանը, տեղեկացրել է, որ այդ խնդիրն իր երկրի համար նույնպես կարևոր նշանակություն ունի և դեռևս քննարկման փուլում է:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:










