Կամբոջայի նախկին թագավորի թաղմանը կես միլիոն մարդ է այցելել
Կամբոջայում այսօր սկսվել է Նորոդոմ Սիանուկ թագավորի հուղարկավորությունը, ում հետ հրաժեշտը տևել է շուրջ 3 ամիս, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին։
Դեռևս հոկտեմբերի 15-ին մահացած միապետի ոսկե դագաղը Պնոմպենի փողոցներով շրջել են ճերմակ հագուստով պաշտոնատար անձինք. սպիտակը տեղաբնակների մոտ համարվում է սգո գույն։
Թաղման արարողությանը ներկա լինելու համար մայրաքաղաք են ժամանել տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ երկրից։ Ըստ նախնական տվյալների՝ թաղման արարողությանը հետևել է ավելի քան կես միլիոն մարդ։
Երթից հետո միապետի մարմինը տեղափոխվել է դիակիզարան, որտեղ փետրվարի 4-ին նրա կինը և որդին՝ Կամբոջայի ներկայիս թագավոր Նորոդոմ Սիամոնին, կվառեն հրկիզման կրակը։ Դիակիզումից հետո աճյունը կպահվի թագավորական պալատի տարածքում։
Նորդոմ Սիանուկ թագավորը մահացել էր սրտի կաթվածից, Պեկինում, 89 տարեկան հասակում։










