Խոսրով Հարությունյանը չի բացառում, որ Հայրիկյանի դեմ մահափորձը արտաքին ուժերի գործն է
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով ի թիվս այլ պաշտոնյաների այսօր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեսակցելու էր եկել մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին մահափորձի ոչ մի պատճառ չի կարելի բացառել, այդ թվում արտաքին ուժերի ներգրավվածությունը։
«Ամեն ինչ հնարավոր է: Ես հեռու եմ այն կարծիքից, որ այս պահին այդ հարցին միանշանակ կարելի է պատասխանը տալ: Բայց ակնհայտ է, որ սա սադրանք էր և՛ պետականությանը, և՛ ժողովրդավարությանը: Դրանում մի րոպե անգամ չեմ կասկածում»,- ասաց նա:
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ՀՀ քաղաքական իրականության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններից առաջ ընթանում էր մի մրցապայքար, որտեղ տիրում էր հանդուրժողական մթնոլորտ և, մահափորձի նպատակը հենց այդ մթնորոլտը խաթարելն էր։
«Յուրաքանչյուրը հանրությանը ներկայացնում էր հանրային կյանքի կազմակերպման իր տեսլականը՝ դրանով փորձելով հանրությանը ներգրավել և մնացածից տարբերվել: Այս հանդուրժողական մթնոլորտը, հավանաբար, ոմանց ձեռք չէր տալիս»,– ասաց նա:
«Առաջին անգամ ընտրությունների ընթացքում մեր հանրությունը երկփեղկված չէ, մագնիսացված չէ: Եթե մտովի տեղափոխվենք 2008 կամ այլ ընտրություններ, ընկերներ են իրարից խորթացել, ընտանիքներ: Այդ միջավայրը չկար ... Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկին դուր չէր գալիս կամ՝ ոմանց»,- ասաց նա:
Խոսրով հարությունյանն ընդգծեց, որ այս սադրանքի պատասխանը պետք է լինի այն, որ հանրությունը չշփոթվի և առաջիկա ընտրություններում իր պարտքը կատարի:
«Հայրիկյանին կրակելով փորձ են անում հարվածել նույն անկախության գաղափարին ու ցույց տալ, որ անկախ Հայաստանը կենսունակ չէ: Թե ով է հեղինակը, այդ հարցի պատասխանը ես ինքս էլ եմ փնտրում ինձ համար: Սա առավել քան տարօրինակ է: Նույնիսկ միջավայրը այդպիսին չէր, մրցակիցները որևէ ատելություն կամ դժկամություն չունեին: Առաջին անգամ տեսնում ենք, որ մրցակիցները իրենց առավելությունը մրցակցին սևացնելու ցեխ շպրտելու միջոցով չեն անում»,- ասաց նա։










