ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ը հայտարարություն է արել Հայրիկյանի դեմ մահափորձի և ընտրական գործընթացների առնչությամբ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Յանես Լենարչիչը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է ընտրական գործընթացների խաղաղ բնույթի կարևորությունը՝ ՀՀ նախագահի թեկնածուի դեմ մահափորձից հետո:
Լենարչիչն իր խորը մտահոգությունն է հայտնել երեկ Երևանում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ:
«Այս հարձակումը խորապես տխրեցնում է՝ արդեն ընթացքի մեջ գտնվող ընտրական գործընթացների առումով, և ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող են հաջորդիվ վատթարացնել իրադրությունը: Մենք նաև կոչ ենք անում պատկան մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության լուրջ հետաքննությանը և մեղավորների հետապնդմանը», - ասված է նրա հայտարարության մեջ:
Լենարչիչը հավելել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է երաշխավորեն հետագա խաղաղ ընտրական գործընթացները:
Լենարչիչը նաև հույս է հայտնել, որ Հայրիկյանը շուտափույթ կապաքինվի:
ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտորդական առաքելությունը հետևելու է փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին և զեկուցելու է ցանկացած էական հարցերի վերաբերյալ, որոնք կազդեն ընտրական գործընթացների վրա:










