Ռիելթորները բողոքի ցույց են կազմակերպել Ֆինանսների նախարարության առջև (տեսանյութ)

15:38 • 01.02.13

Անշարժ գույքի շուկայում գործող ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները այսօր Ֆինանսների նախարարության առջև բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով վերանայել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված որոշումը, ըստ որի՝ գործատուն ամսական յուրաքանչյուր աշխատակցի համար պետք է 60 հազար դրամ հարկ վճարի:


«Այդ գնով չենք կարող աշխատել, արդեն գործազրկություն է սկսվել, ես ինքս հեռացրել եմ իմ աշխատողներին, ինքս էլ չեմ պատկերացնում, ո՞նց կարամ էդ տարբերակով աշխատեմ: Իմաստ չեմ գտնում և ոչ մի լոգիկայով չի համապատասխանում, որ այդքան գումար վճարվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից «Վիվա Ռեալթի» գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը:


Էդվարդ Հարությունյանի խոսքով՝ ռիելթորական ընկերության ներկայացուցիչները դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, և Ֆինանսների նախարարությանը:


«Քանի որ ընդունել են հենց ֆինանսների նախարարությունում, իրենցից պարզաբանում ենք պահանջում, թե ինչի՞ հիման վրա են այդ փաստաթուղթն ընդունել, ինչո՞ւ է բոլոր աշխատողներին դա վերաբերում: Կա գործավարուհի, վարորդ, ինչու՞ պետք է բոլորի համար 60 հազար վճարվի»,- ասաց Էդվարդ Հարությունյանը:


Արձագանքելով ընկերությունների ներկայացուցիչների բողոքներին` նախարարությունում նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի և մի քանի ռիելթորների հետ հանդիպում-քննարկում է կազմակերպվել:


Հանդիպմանը մասնակցած ընկերություններից մեկի տնօրենի խոսքով, քննարկումների արդյունքում իրենք համաձայնության են եկել, որ ռիելթորներն ամենասեղմ ժամկետում թվեր ու փաստեր կներկայացնեն, որով կարող են ապացուցել իրենց ճշմարտացիությունը, իսկ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել վերլուծել այն, որպեսզի չտուժեն ո՛չ ռիելթորական կազմակերպությունները, ո՛չ պետությունը:


«Ասում են, եթե դուք հիմնավորեք, մենք դեմ չենք վերանայել օրենքը: Հուսով եմ, որ իրենց խոսքի տերը կլինեն: Դա ահագին գումար է, անլուրջ է, մենք չենք կարա վճարենք, և բոլորը գտնելու են տարբերակներ դա չվճարելու համար»,- ասաց անշարժ գույքի գործակալության տնօրենը` լրագրողների հետ զրույցում:


Ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանն էլ իր հերթին ասաց, որ օրենսդրական փոփոխությունների հիմնավորումները կատարվել են անշարժ գույքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների և հարկային մարմինների հանդիպումները կրճատելու նկատառումով, նրանց մոտ վարվող հարկային հաշվառումը պարզեցնելու նպատակով:


«Ինչ վերաբերում է արտոնագրային վճարի համար սահմանված դրույքաչափին, բնականաբար, մենք նախքան օրենսդրական փոփոխությունը կատարել ենք համապատասխան հաշվարկներ` հիմք ընդունելով նույն տնտեսվարող սուբյեկտների կողմից նախորդ տարիներին հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունները»,- ասաց Արման Պողոսյանը:


Ռիելթորական ընկերության տնօրենի խոսքով, ըստ նախարարության հաշվարկների, եթե 600 000 մի ընդհանուր գործարքի արժեքն է, ապա՝ «10%-ը թող տանք պետությանը»:


Ֆինանսների նախարարության պաշտոնյայի խոսքով, իրենց դիտարկումներով, ընկերությունների եկամուտը կախված է անշարժ գույքի շուկայի ակտիվությունից և սեզոնայնությունից։


«Բայց մեր սահմանած դրույքաչափը համապատասխանում է նրանց տնտեսական ակտիվության մակարդակին»,- ասաց Արման Պողոսյանը:


Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ռիելթորները բողոքում են, որ նույն դրույքաչափով հարկ սահմանելը ընկերության բոլոր աշխատակիցների համար, անհիմն է, Արման Պողոսյանն ասաց, որ իրենք նման խնդիրների ծանոթ չեն և հանդիպման ժամանակ էլ այդ հարցը չի բարձրացվել:


«Ամեն դեպքում հաջորդ հանդիպման ժամանակ պատրաստ ենք լսել ցանկացած հիմնավոր առաջարկ»,- ասաց նա։