Թայվանում ամբողջովին թափանցիկ սմարթֆոն է ստեղծվել

00:55 • 01.02.13

Թայվանական Polytron Technologies ընկերությունը ներկայացրել է առաջին թափանցիկ սմարթֆոնը, որը պատրաստված է թրծված ապակուց: Արտադրողների խոսքով՝ նոր սարքը կարող է վաճառքի հանվել մինչև ընթացիկ տարվա վերջ, հաղորդում է CNews.ru-ն:

Լրագրողներին նորույթը ներկայացրել է Polytron-ի փոխտնօրեն Սերենա Չենը Թայվանի հյուսիսային Թաոյուան քաղաքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ:


Սարքը հիմնականում պատրաստված է ապակուց էլեկտրոնային ճկուն և թափանցիկ բաղադրիչների լայնակի կիրառմամբ և համալրված է սենսորային ինտերֆեյսով:


Դեռևս տեսանելի են մնացել, իհարկե, այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են հիշողության քարտը, ֆոտոխցիկը և մի շարք միկրոչիպեր:


Մնացածը` պարզապես թափանցիկ սալիկ է կենտրոնում սենսորային էկրանով:


Polytron-ի ղեկավարությունն այդ թափանցիկ սմարթֆոնի տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություներ չի հրապարակել: Նույնիսկ անվանումը դեռ հայտնի չէ:


Փորձագետները նշում են, որ ստեղծված նորույթը, որն ունի ամուր և թափանցիկ կորպուս  և սենսորային էկրան, բոլոր հնարավորություններն ունի արմատական փոփոխություններ մտցնել սմարթֆոնների համաշխարհային շուկայում: Նաև հնարավոր է, որ մնացած ոչ թափանցիկ դետալները փոխարինվեն թափանցիկներով. դա միայն ժամանակի հարց է:

 

Թայվանում ամբողջովին թափանցիկ սմարթֆոն է ստեղծվել