Ադրբեջանցի հայտնի գրողը կարոտում է Հրանտ Մաթևոսյանին և կցանկանար այցելել Հայաստան

14:58 • 02.02.13

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը բուռն քննարկումների առիթ դարձավ ինչպես Ադրբեջանի հասարակությունում, այնպես էլ դրանից դուրս: Բաքվում, ի նշան վեպի դեմ բողոքի, բազմաթիվ ակցիաներ անցկացվեցին. այրվեցին գրողի լուսանկարները: Ադրբեջանցի պատգամավորները նույնիսկ առաջարկեցին զրկել գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից և «Հայաստան ուղարկել»: «Քարե երազներ»-ը, որ լույս է տեսել դեկտեմբերին, նվիրված է Ադրբեջանի ԽՍՀ-ում ապրած հայերին: «Նվիրում եմ հայրենակիցներիս հիշատակին, որոնք իրենցից հետո մեծ ցավ թողեցին»,-վեպի նախաբանում գրում է Այլիսլին: «Երկու կողմերն էլ պետք է ապաշխարեն և հաղթահարեն ատելությունը: Սա է Այլիսլիի վեպի գլխավոր թեման»,-վեպի մասին գրել է ռուս գրաքննադատ Լեւ Անինսկին:

 

Ռուսալեզու Regnum գործակալության թղթակիցը զրուցել է հեղինակի հետ, պարզել, թե նա ինչպես է վերաբերվում վերոնշյալ արձագանքներին և ինչ  քայլեր է պատրաստվում ձեռնարկել:

 

Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները.

 

-  Դուք երկար տարիներ է զբաղվում եք գրական գործունեությամբ: Ձեր ստեղծագործություններից ոչ մեկը, սակայն, նման բուռն արձագանքի չէր արժանացել: Դուք սպասու՞մ էիք նման արձագանքի:

 

- Չէի կարծում, որ վեպն աննկատ է մնալու,  բայց նման արձագանքի էլ չէի սպասում: Ես միշտ կարծել եմ, որ ապրում եմ առաջադիմական, ժողովրդավարական երկրում, որտեղ Սահմանադրությամբ երաշխավորվում է խոսքի եւ մտքի ազատությունը: Ինձ քննադատողները, երեւումէ, որ թքած ունեն Սահմանադրության վրա: Նրանք պարզապես ցանկանում են սրել իրավիճակը եւ այդ պատճառով խեղաթյուրում են վեպի իմաստը, փորձում են խառնել քաղաքականությանը: Բացի այդ, օգտագործում են լայն զանգվածներին,  որպեսզի ցույց տան իրենց գնահատականների օբյեկտիվությունը: «Քարե երազներ»-ը գեղարվեստական ստեղածագործություն է, ոչ ավելին:

 

-Ձեր նկատմամբ ճնշում է գործադրվում: Հնարավո՞ր է, որ այդ ճնշումները Ձեզ ստիպեն հրաժարվել գրական գործունեությունից:

 

- Ես երբեք չեմ թաքցրել իմ հայացքները հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ես դիրքորոշումս չեմ փոխելու ու հանդես եմ գալու հանուն խաղաղության, բարեկամության, որ երկու երկրների միջեւ վերահաստատվեն նախկին բարեկամական հարաբերությունները, որը ես կարոտում եմ:

 

- Դուք հանդես եք գալիս հանուն  խաղաղության և բարեկամության, իսկ փոխարենը Ձեր տան դիմաց այրվոմ են Ձեր լուսանկարները ու Ձեզ դավաճանության մեջ են մեղադրում:

 

- Ես վստահ եմ, որ իմ տան դիմաց աղաղակող երիտասարդներից ոչ ոք չի կարադացել իմ վեպը: Նրանց ակցիան հասարակական որեւէ նշանակություն չունի, քանի որ նրանք հրաման էին կատարում:…  Բացի այդ, Ադրբեջանում այժմ այլ երիտասարդ ություն  կա...: Ինձ ամեն օր զանգահարում են, շնորհակալություն են հայտնում, շնորհավորում են վեպի լույս ընծայման կապակցությամբ: Մեր երկրում շատերն են արդեն հասկանում հայերի եւ ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ողբերգության էությունը, շատերն են խաղաղություն ցանկանում: Ադրբեջանն այժմ «ուրիշ» երկիր է, և ես ցանկանում եմ, որ Հայաստանն էլ «այլը» լինի: Ինձ մեղադրում են իմ ժողովրդին դավաճանելու համար, բայց ես շատ հավատարիմ եմ իմ ժողովրդին եւ ցանկանում եմ, որ խաղաղություն հասատատվի հայերի ու ադրբեջանցիների միջեւ: Ամեն դեպքում, այդ երկու ժողովուրդները կողք կողքի են ապրելու, մեր ժողովուրդներին խաղաղություն է պետք:


-Դուք կարծում եք, որ Ձեր գրքի դեմ բողոքի ակցիաները  կազմակերպված են: Ի՞նչ նկատի ունեք, իշխանություննե՞րն են կազմակերպել:

 

- Այո: Հակամարտությունը նրանցից (իշխանության ներկայացուցիչներից) շատերի համար ցատկահարթակ էր՝ կարիերայի առաջընթացի համար: Շատերն իշխանության եկան, պաշտոններ ստացան: Պատերազմն օգնել է նրանց այդ հարցում: Ես նկատում եմ, որ  իշխանություննները շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ: Կատարվածի համար մեղավոր են ոչ թե հայերը կամ ադրբեջանցիները, այլ նրանք, ովքեր այդ ամենի միջոցով «առաջ  գնացին»:

 

- Չե՞ք ցանկանում Հայաստան այցելել...


- Աստված տա, ամեն ինչ կարգավորվի, ես մեծ հաճույքով կգամ Երեւան: Կարելի է տարբեր միջոցառումներ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի մշակույթի ու արվեստի գործիչների միջև....: Ես միշտ կողմ եմ եղել դրան: Ի՞նչ կատարվեց,  որ մենք այսպես օտարացանք: Թող կրքերը հանդարտվեն..., եթե առիթ լինի, ուրախությամբ կայցելեմ Հայաստան: Ես շատ հայ ընկերներ ու բարեկամներ եմ ունեցել, նրանցից շատերն արդեն կենդանի չեն: Հատկապես  կարոտում եմ  Հրանտ Մաթևոսյանին (հայ արձակագիր-tert.am), իմ ընկերոջը, որը վախճանվեց  2002թ-ին: Ես կցանկանայի ևս մեկ անգամ հանդիպել նրան...: