Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատանքները Վրաստանի տարածքում դադարեցվել են
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքները Վրաստանի ուղղությամբ դադարեցված են, այս մասին հաղորդում է Грузия Online-ը` հղում կատարելով SalamNews-ին։
«Ադրբեջանական երկաթգիծ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազիմամեդով լրատվական կայքին ասել է, որ դադարեցման հիմնական պատճառը եղանակային սառը պայմաններն են Վրաստանում և այդ պատճառով աշխատանքները կվերսկսվեն գարնանը:
Նադիր Ազիմամեդովը տեղեկացրել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման շինարարական աշխատանքների հիմնական մասը իրականացվում է Ադրբեջանի կառավարության միջոցներով:
«Աշխատանք է իրականացվում երկու հատվածներում: Առաջինը` 159 կմ երկաթգծի վերանորոգում: Երկրորդը` վերանորոգում 29 կմ հատվածում և 4,2 կմ երկարությամբ թունելի կառուցում Վրաստան–Թուրքիա ճանապարհահատվածին: Երկաթգծի թուրքական հատվածի զգայի մասը արդեն պատրաստ է: Վրացական կողմի նախագծային աշխատանքների ավարտից հետո այդ աշխատանքները կշարունակվեն»,- նշել է նա։
«Ադրբեջանական երկաթգիծ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար նաև ասել է, որ ներկայում շարունակվում է «Ախալքալաք» տերմինալի և «Կարսակի» կայարանի շինարարությունը:










