Հարվարդի շուրջ 100 ուսանող պատժվել է՝ քննությունների ժամանակ արած խարդախության համար
Աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Հարվարդի համալսարանի մոտ 100 ուսանող պատժվել է քննության ժամանակ կատարած խարդախության պատճառով, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։
Համալսարանի արվեստի և գիտության ֆակուլտետի դեկան Մայքլ Սմիթը պատմել է, որ արտագրության հետ կապված սկանդալում ներքաշված է ֆակուլտետի 125 ուսանող։
Դասախոսի օգնականներից մեկը, քննական աշխատանքները ստուգելու ժամանակ, հայտնաբերել է, որ տարբեր ուսանողների գրած պատասխանները միանգամայն նույնն են։ Դրանից հետո հատուկ համալսարանական հանձնաժողովը սեփական հետաքննությունն է սկսել՝ հարցում պարզություն մտցնելու համար։
Ինչպես հայտնել է Սմիթը, ներկայում բոլոր հետաքննություններն ավարտված են, իսկ ուսանողների մի մասն էլ ժամանակավորապես հեռացվել են Հարվարդից։










