Ֆրանսուա Օլանդն այցելել է Մալիի հյուսիս
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանել է Մալիի հյուսիսում գտնվող Տիմբուկտու քաղաք, որը մոտ 1 շաբաթ առաջ ազատագրվել է իսլամիստներից Մալիի բանակի և ֆրանսիացի զինծառայողների շնորհիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը։
Նախագահին ուղեկցում են Մալիի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դիոնկունդա Տրաորեն, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և զարգացման նախարար Պասկալ Կանֆենը։
Տիմբուկտուում Օլանդի այցի կապակցությամբ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել։ Օլանդին ողջունելու և «երախտագիտությունը» հայտնելու համար քաղաքի գլխավոր հրապարակ է դուրս եկել մոտ 3.000 բնակիչ։
Հիշեցնենք, որ Մալիում իրավիճակի սրման ֆոնին կառավարական զորքերին առաջինն օգնության են եկել ֆրանսիացի զինվորականները։










