Քաղաքագետ Գարիկ Քեռյանը դրական է գնահատում Ջոն Քերիի պետքարտուղարի պաշտոնում նշանակումը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ընտրություններից հետո պասիվություն էր նկատվում: Այժմ այն պասիվ փուլից անցում է կատարում դեպի ակտիվ փուլ, և այդ անցումը նշանավորվեց նոր պետքարտուղարի՝ Ջոն Քերիի նշանակմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Նա նշեց, որ Քերին բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և այս տեսանկյունից նրա պաշտոնավարումը ցանկալի է:
«Ջոն Քերին ի սկզբանե հայտարարեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է ԼՂՀ և Ցեղասպանության հարցերի շուրջ միևնույն քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ շարունակվելու է նույն քաղաքականությունը»,- ասաց նա:
Քաղաքագետն ընդգծեց, որ Ջոն Քերին հայտարարել է, որ իրենք ջանքեր են ներդնելու, որ այս տարածաշրջանում տարաձայնություններ չլինեն: Շարունակելով խոսքը նա նշեց, որ «Այս տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա նրա ու ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունների միջև»,- ասաց նա:
Գարիկ Քեռյանը կանխատեսեց, որ, հավանաբար, ամռանը կամ աշնանը Մինսկի խմբի գործունեությունը նոր փուլ կթևակոխի և հնարավոր է նոր փաստաթղթեր դրվեն սեղանին:










