Մյունխենում Լավրովն առաջին անգամ հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդի հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ հանդիպել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ- Խաթիբի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերին նվիրված համաժողովի շրջանակներում։
Մինչ հանդիպումը՝ համաժողովում ելույթի ժամանակ, Լավրովն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և հայտնել, որ Ռուսաստանը «հուսալի տեղեկություն ունի, որ Սիրիայի կառավարությունը դեռ վերահսկում է քիմիական զենքի զինանոցները, և իրավիճակն անվտանգ է»։
«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած տեսակի զենքի կիրառման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ իր արևմտյան գործընկերները համաձայն են, որ քիմիական զենքն ապստամբների ձեռքն անցնելը մեծ վտանգ է իրենից ներկայացնում։
Նա հայտնել է, որ Մոսկվան առաջարկում է Սիրիայի խնդրով «Գործողությունների խմբի» հանդիպում անցկացնել։
Հիշեցնենք, որ «Գործողությունների խմբի» առաջին հանդիպումն անցկացվել է 2012-ի հունիսի 30-ին, Ժնևում։










