Վաշինգտոնը դատապարտել է Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը
Վաշինգտոնը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այս մասին փետրվարի 1-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը:
Ինչպես տեղեկանում ենք կառույցի կայքից, Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներին մտահոգել է կատարվածը: «Իհարկե, մենք դատապարտում ենք այդ բռնարարքը: Տեղյակ ենք, որ Հայրիկյանի վիճակն այժմ կայուն է եւ, ոստիկանությունը խոստացել է լրիվ հետաքննություն անցկացնել»,-ասել է նա:
Նուլանդն անդրադարձել է նաև փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորությանն ու նշել, որ Վաշինգտոնը «հայերին կոչ է անում այդ ամենն իրականացնել Սահմանադրության համաձայն, երաշխավորել, որ ընտրություններն անցկացվելու են ազատ և արդար, պաշտպանվելու են բոլոր թեկնածուների իրավունքները»:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել հունվարի 31-ի երեկոյան` Երևանի կենտրոնում:
Նախագահի թեկնածուն այժմ գտնվում է հիվանդանոցում եւ չի բացառել, որ օգտվելու է ընտրությունները 15 օրով հետաձգելու իր սահմանադրական իրավունքից:










