Բողոքի ակցիա` Վաշինգտոնում. ամերիկահայերը Կոնգրեսին կոչ են արել դատապարտել Թուրքիայում հայ կանանց նկատմամբ հարձակումները

11:13 • 02.02.13

Ամերիկահայ երիտասարդները երեկ բողոքի լուռ ակցիա են (ակցիան կազմակերպել են Հայ ուսանողական միությունը և ՀՅԴ երիտասարդական միությունը) անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում:

 

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, երիտասարդները հավաքվել են Սենատի շենքի մոտ և ամերիկացի կոնգրեսականներին  կոչ արել (պաստառների վրա գրությամբ)դատապարտել վերջին շաբաթներին Թուրքիայում հայ կանանց նկատմամբ իրականացված հարձակումները:

 

«Այս ակցիան շատ կարևոր է, քանի որ մենք այդկերպ ամերիկյան հասարակությանը ծանոթացնում ենք Թուրքիայում առկա հակահայականակ տրամադրություններին, որոնք սկիզբ են  առնում Հայոց ցեղասպանությունից»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչ Արմեն Սահակյանը:

 

Բողոքի ակցիային մասնակցել են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: «Ցանկանում են ընդգծել, որ այսօրվա բոողքի ակցիային մասնակացում են նաև այլազգիներ, նրանք, ի նշան համերաշխության, կանգնած են մեր կողքին և աջակացում են մեր ջանքերին, որոնց նպատակն է լույս սփռել Թուրքիայում ատելության հողի վրա կատարվող սարսափելի հանցագործությունների և մարդու իրավունքների խախտոմների վրա: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարը և Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն հայերի խնդիրը չէ, այլև հուզում է ողջ մարդկությանը»,-ասել է Հայ ուսանողական միության ներկայացուցիչ Քնարիկ Գասպարյանը:

 

Լուռ ակցիայի մասնակիցները պարզել են վերջին օրերին Թուրքիայում հարձկան ենթարկված կանանց լուսանկարները և, ի նշան բողոքի, կարմիր ժապավեններով փակել բերանները:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էր ենթարկվել 87-ամյա մի հայուհի, ինչ հետևանքով վնասել էր աչքը:


Դեկտեմբերի 28-ին նույն այդ թաղամասում սեփական բնակարանում սպանվեց 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Մարդասպանը սպանությունից առաջ նրան կտտանքների էր ենթարկել:

 

Հունվարի 6-ին կրկին Սամաթիայում երեք տղամարդ փորձել էին առևանգել տարեց մի հայ կնոջ: Իսկ հունվարի 22-ին հարձակման ենթարկվեց 80-ամյա Սուլթան Այքարը. օգնության էին հասել հարևանները և չարագործը փախուստի էր դիմել: