Հայրիկյանի վիճակը կայուն է, սննդակարգը՝ սովորականի պես

13:17 • 02.02.13

Լուսանկարը՝ hayrikyan.com կայքից

 

ՀՀ նախահագի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատության երկրորդ օրն է, վիճակը կայուն է, իսկ ինքնազգացողությունն այնքան լավ է, որ կարողանում է ինքնուրույն քայլել, սնվել սովորական սննդակարգով։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժհաստատության փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը և հավելեց, որ ջերմություն չունի և արդեն վիրակապը փոխել են։


«Վերքը նորմալ վիճակում է, արտադրություն չկա։ Եթե երեկ ասում էինք վիճակը դեպի միջին ծանրության է գնում, ապա հիմա կարող ենք ասել, որ ավելի շատ դեպի լավն է գնում։ Առայժմ կմնա մեզ մոտ՝ վերակենդանացման բաժանմունքում, սակայն դա չի նշանակում, որ ինքը վերակենդանացման բաժնի հիվանդ է»,- ասաց նա՝ նշելով, որ վերքի կարերը կքանդեն 6-7–րդ օրը։


Վերջինիս խոսքով՝ Հայրիկյանն ընտիր տրամադրություն ուներ, ասում, խոսում, կատակում էր։


Հայրիկյանի վիճակի մասին Tert.am-ի հետ խոսեց նաև նրա քրոջ դուստրը՝ Լիլի Մկրյանը, ով այցելել է քեռուն, և ասաց, որ քեռին իրեն լավ է զգում։


Նշենք, որ այսօր առավոտյան Հայրիկյանը քայլելով դուրս է եկել բաժանմունքից, զրուցել հավաքված լրագրողների հետ և ասել, որ իրեն լավ է զգում։