Բնապահպանները դեմ են, որ Սյունիքից վարձակալությամբ արոտավայրեր տրամադրվեն Իրանին
Սյունիքի արոտավայրերից 50 հազ. հա-ի չափով տարածքի հանձնումը Իրանին լուրջ վտանգ կարող է դառնալ Հայաստանի համար, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին մի շարք բնապահպաններ՝ հայտնելով իրենց մտահոգությունն այս հարցի շուրջ:
Նրանցից բուսաբան Կարեն Աֆրիկյանը նշեց, որ տարիներ անց այդ արոտավայրերը էրոզիայի են ենթարկվելու:
«Մեր անասնապահները շատ լավ գիտեն, թե ոնց պետք է օգտագործվի արոտավայրը, ուղղակի միջոցներ չունեն: Գյուղացուն այնքան են խաբել, որ նա այլևս չի հավատում ոչ մեկի: Ասում են, որ անվնաս հետ են վերադարձնելու արոտավայրերը: Սո՛ւտ է, մոռացե՛ք դրա մասին, նման բան չի՛ կարող լինել»,- ասաց բուսաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ պատվիրակություն էր մեկնել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ, որտեղ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել երկու երկրների մարզերի միջև:
Համագործակցության շրջանակում նախատեսվում է ոչխարաբուծության նպատակներով Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալ Արևելյան Ադրբեջան նահանգին։ Ըստ նույն հուշագրի՝ 50 հազ. հա արոտավայր ՝ տրամադրվելու մինչև 10 տարի ժամկետով: Եվս 2000 հա կտրամադրվի որպես բնակավայր: Այստեղ արածելու են առնվազն 50 հազ. եղջերավորներ:
Իրանահայ ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը նշեց, որ թյուրքալեզու քոչվոր ցեղերը, որոնք պետք է գան Հայաստան, տարիների ընթացքում որակազրկել են իրենց արոտավայրերը և այժմ հենց դրա համար են գալիս Հայաստան: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստան գալուց հետո նրանք այլևս երբեք չեն գնա այստեղից, ավելին՝ կկառուցեն դպրոց, մանկապարտեզ և կհաստատվեն Հայաստանում:
«Մենք հաշվի չենք առնում, որ Իրանում հատկապես ոչխարների մոտ տարածված են տարբեր հիվանդություններ, որոնք կտարածվեն Հայաստանում: Դրանք վտանգավոր են նաև մարդու համար: Ես չեմ ուզում վատաբանել, բայց ցանկության դեպքում նրանք ոչխարների միջոցով կարող են թմրանյութեր տեղափոխել: Սա շատ վտանգավոր բան է և անհրաժեշտ է դեմը առնել»,- ասաց նա:
Մեկ այլ բնապահպան ակտիվիստ Գեղամ Գալստյանը ընդգծեց, որ թյուրքալեզու իրանցիները Սյունիքում բնակվելով կարող են մի շարք տեղեկություններ հավաքել տարածքի ռազմական գաղտնիքների մասին ու հետո դրանք հայտնել համապատասխան վայրեր:
«Այս հարցը պետք է նրանք քննարկեն առաջին հերթին սյունիքցիների հետ: Մարզպետը իրավունք չունի գնալ ինչ-որ բան ստորագրել ու հետո ժողովրդին հրամցնել: Մենք բազմիցս ենք դիմել մարզպետարան, բայց ոչ մեկի հետ չի հաջողվում զրուցել: Դիմել ենք նաև Ազգային անվտանգություն, բայց սա էլ դեռևս ապարդյուն»,-ասաց նա:
Ակտիվիստը վստահեցրեց, որ այս հարցը իրենք այդպես չեն թողնի և դեռ երկար կպայքարեն, որպեսզի թյուրքալեզու քոչվորները Հայաստան չմտնեն:










