Երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում ինքնասպանության փորձ կատարածն այսօր էլ ծառն է բարձրացել ու հրաժարվել իջնել
Այսօր ժամը 13.56-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և չի ցանկանում իջնել. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ Աի արձագանքման խումբը:
Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Արտյոմ Սարգսյանին:
ԱԻՆ-ից հիշեցնում են նաև, որ երեկ` փետրվարի 2-ին, վերոնշյալ քաղաքացին Երևանի Գ. Նժդեհի հրապարակում սպառնացել է ինքնասպանություն գործել` ցած նետվելով դեպի գետնանցում: Փրկարարները և ոստիկանները կարողացել են ժամանակին կանխել Ա. Սարգսյանի ինքնասպանության փորձը:










