Հայրիկյանի մահափորձը ձեռնտու էր նոր ընտրություններ ցանկացողներին. Դավիթ Հակոբյան
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին նոր ընտրություններ` օգտվելով Սահմանադրության 52-րդ հոդվածի սողանքից: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ով այսօր եկել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ 3 օր առաջ տեղափոխվել է հրազենային վնասվածք ստացած ՀՀ նախագայհի թեկնածու Պարույր Հայրիկյանը: «Եթե բժիշկները ինֆորմացիա են տալիս նրա մասին, այլևս անհանգստացնելու, կոկետություն անելու, կեղծ հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտություն չկա: Ես նրա մոտ չեմ մտել, նա հանգստանում է: Ես հիվանդության պատմությունը նայեցի, հետաքրքրվեցի, ամեն ինչ կարգին է»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Մարքսիստների առաջնորդին զարմանալի է թվում այն, որ հիվանդի մոտ թույլ են տվել մտնել առանց բժշկական հիգիենիկ վերնահագուստի: «Ես անգամ տեսնում եմ հեռուստատեսությամբ առանց վերնահագուստի, առանց գլխարկի, առանց դիմակի մտնում են հիվանդի մոտ: Նախագահն անգամ՝ գրիպով հիվանդ, մտել է հիվանդի մոտ: Հիվանդին պետք է թողնել հանգիստ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Պարույր Հայրիկյանի հիվանդանոցում հավաքված հարազատների խոսքով, այսօր քաղաքական գործիչներից նրան այցելող չի եղել: Այցելուների շարքում էին նրա կուսակից ընկերները, հարազատներ, բարեկամներ, սակայն նրանց բժիշկները թույլ չէին տալիս մտնել Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության վերը նշված հոդվածի, հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Պարույր Հայրիկյանը, թեև սկզբում հայտարարում էր, որ երկու շաբաթով ընտրությունները հետաձգելուն այլընտրանք չունի և այդպես էլ կվարվի, ավելի ուշ հայտարարեց, որ վերջնական որոշումը կհայտնի երկուշաբթի, այսինքն՝ վաղը։










