Բացահայտվել է Ռուսաստանում հայ ճարտարապետի սպանությունը. կասկածյալը մահացել է

12:58 • 03.02.13

Սանկտ-Պետերբուրգի իրավապահ մարմինները բացահայտել են Վսեվոլոժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի սպանությունը, որը տեղի էր ունեցել այս շաբաթ։


Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի «Պուլկովո» օդանավակայանում այսօր ձերբակալվել է սպանության ենթադրյալ 39-ամյա կազմակերպիչը։ Կասկածյալը պատրաստվում էր թռչել Մինվոդի։ 

Տղամարդուն տեղափոխել են հետախուզվողների քրեական գրասենյակ, սակայն կասկածյալն իրեն ոչ ադեկվատ է պահել և նետվել է պատուհանից։


«Դեռ չեն հասցրել սկսել հարցաքննությունը, երբ ձերբակալվածը անսպասելի կորցրել է գիտակցությունը»,- հաղորդել են ՆԳՆ-ից։


Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները։ Իրավապահները փորձել են ձերբակալվածին առաջին օգնություն ցուցաբերել, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։


Հիշեցնենք, որ 61-ամյա ճարտարապետը սպանվել է երեքշաբթի երեկոյան, գլխին արձակված կրակոցից։ Դեպքը տեղի է ունեցել Հակոբյանի կնոջը պատկանող «Վսեվադ» ընկերության գրասենյակի հարևանությամբ։