Հայրիկյանին վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ` ելնելով նրա առողջական կայուն վիճակից: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հերթապահ ավագ ռեանիմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը:
Բժշկի խոսքերով` ներկա պահին Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է, անհանգստացնող որևէ բան չկա: «Նրա մոտ նորմալ հետվիրահատական ընթացք է, որևէ ցուցանիշի շեղում չկա, անհանգստացնող որևէ խոչընդոտ չկա»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ԱԻՄ առաջնորդի մոտ ինքնազգացողությունը նույնպես կայուն է եղել: «Հիմա նա հետվիրահատական ընթացքում է: Բժշկական այլ միջամտության անհրաժեշտություն չկա: Հետագայում ընդամենը կարերը կքանդվեն և որևէ այլ բարդացում կամ դժվարացում չի լինի»,- ասաց նա:
Նման տիպի վնասվածք ստացած հիվանդի համար, ըստ բժշկի, վերականգնման փուլը նորմալ է ընթանում, իսկ ընդհանրապես նման դեպքերում հիվանդների ամբողջական ապաքինումը տևում է 10-15 օր:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր նրան վիրահատել են:










