Նեթանյահուն կձևավորի Իսրայելի նոր կառավարությունը

10:37 • 03.02.13

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շաբաթ օրը հանձնարարել է աջերի ճամբարի առաջնորդ Բենյամին Նեթանյահուին ձևավորել երկրի հաջորդ կառավարությունը: Կոալիցիոն բանակցությունների հաջողության դեպքում՝ Նեթանյահուն երկրորդ անգամ անընդմեջ կդառնա երկրի վարչապետ:


Բենյամին Նեթանյահուն նշել է, որ ժողովուրդը ցանկանում է, որպեսզի կառավարությունը որքան հնարավոր է շուտ ձևավորվի և սկսի իր աշխատանքը: Կառավարություն ստեղծելու համար անհրաժեշտ է պառլամենտի 120 անդամներից 61-ի աջակցությունը, որի համար օրենքը նախատեսում է 28 օր, որը կարող է երկարաձգվել մինչև 42-ի:
 

Ճիշտ է, Նեթանյահուի բլոկը հաղթանակ է տարել հունվարյան ընտրությունների ժամանակ, սակայն ստացել է միայն 31 տեղ Կնեսսեթում: Այս պատճառով էլ նա ստիպված է կոալիցիա կազմել ամենաքիչը երկու կուսակցությունների հետ: Կոալիցիա կազմելու առաջարկը մերժել է միայն ձախերի կուսակցությունը: