Իրաքում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 33, վիրավորվել 70 մարդ
Իրաքի Քիրքուկ քաղաքում զինյալների կողմից ոստիկանական բաժանմունքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 33, վիրավորվել 70 մարդ. այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Arabiye հեռուստաընկերության հղումով։
Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մոտեցրել է ոստիկանական բաժանմունքին, ինչից հետո այնտեղ են փորձել մտնել երկու զինյալներ։
«Հանցագործներին չի հաջողվել գրավել բաժանմունքը»,- հաղորդել է քաղաքի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Նաթահ Մուհամմեդ Սաբրը՝ տեղեկացնելով, որ շենքին և հարակից շինություններին լուրջ վնաս է հասցվել։
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել։ Հանցագործության դրդապատճառները ճշտվում են։
Բացառված չէ, որ այս հարձակումը, ինչպես Քիրքուկում տեղի ունեցած տասնյակ նմանատիպ միջադեպերը կապ ունեն շրջանում բնակվող սուննի արաբների, քրդերի և թուրքմենների միջէթնիկական բախումների հետ։
Այս խմբերից յուրաքանչույրը փորձում է վերահսկողություն սահմանել Քիրքուկի տարածքում։










