Իրանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի ընդդիմության առաջնորդին
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ հանդիպում է ունեցել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի հետ։
Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում Իրանի դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Թեհրանը փորձում է նպաստել Սիրիայում իշխող ռեժիմի և ընդդիմադիր խմբավորումների միջև բանակցություններ սկսելուն։
«Իրանը բանակցում է ընդդիմադիր բոլոր խմբերի և կառավարության հետ։ Մենք պատրաստ ենք զրուցել ընդդիմության բոլոր ներկայացուցիչների հետ։ Ես վերջերս հաջող բանակցություններ եմ ունեցել պարոն Խաթիբի հետ»,- ասել է Սալեհին։
Նա, սակայն, չի նշել, թե որտեղ և երբ են տեղի ունեցել բանակցությունները Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարի հետ։ Նախօրեին ալ-Խաթիբը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենյան համաժողովին։
Նա մասնակցել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով մի շարք քննարկումներ և նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել, այդ թվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։










