Ահմադինեժադը պատրաստ է դառնալ առաջին իրանցին տիեզերքում
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ պատրաստ է դառնալ առաջին մարդը, որն ուղեծիր կմեկնի Իրանի նորաթուխ տիեզերական ծրագրով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
«Ես պատրաստ եմ լինել իրանցի գիտնականների կողմից տիեզերք ուղարկված առաջին մարդը», - մասնավորապես ասել է պաշտոնյան:
Անցած շաբաթ Իրանը հայտնել էր, որ կապիկ է ուղարկել տիեզերք ու հետ ստացել, ինչն իրանցի պաշտոնյաները հայտարարել էին տիեզերք մարդ ուղարկելու նպատակին ուղղված խոշոր քայլ:
Սա առաջացրել էր Արևմուտքի մտահոգությունը, քանի որ Իրանի տիեզերական ծրագրով նույն հրթիռային տեխնոլոգիաներով հնարավոր է նաև միջուկային գլխիկներ ուղարկել բալիստիկ հրթիռների վրա:
Աղբյուրը նշում է, որ Ահմադինեժադը հայտնի է իր սադրիչ հայտարարություններով, ուստի հայտնի չէ՝ արդյոք նա լո՞ւրջ էր խոսում:










