Սերբիայի վարչապետի՝ հանցավոր աշխարհի հետ ունեցած կապն ապացուցող տեսագրություններ են հայտնվել

14:40 • 04.02.13

Սերբիայի ոստիկանության ու հատուկ ծառայությունների ձեռքն են ընկել մի շարք տեսագրություններ, որոնցում երևում է, որ վարչապետ Իվիցա Դաչիչը Սերբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում մի քանի անգամ հանդիպել է Բալկանների ամենախոշոր նարկոկարտելի ներկայացուցիչների հետ, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Блиц-ին։

 

Անցած շաբաթվա վերջին Սերբիայում քաղաքական ճգնաժամ սկսվեց, երբ տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Դաչիչը սերտ կապերի մեջ է գործարար Ռոդոլյուբ Ռադուլովիչի հետ, ով իր հերթին իրավապահների կողմից կասկածվում է հետախուզման մեջ գտնվող Դրակո Շարիչի հանցավոր կլանի հետ կապերի համար։

 

Ինչպես նշում է Блиц-ը, 2008-2009 թթ. ընթացքում Դաչիչը բազմիցս հանդիպել է Ռադուլովիչի հետ, ով Շարիչի հետ հանդիպումների ժամանակ քաղաքական գործչին «ընկեր» է անվանել։ 2009թ. հունվարի 12-ին հեռախոսազրույցի ժամանակ Շարիչը խնդրել է Ռադուլովիչին ճշտել «ընկերոջից», թե արդյոք ոստիկանությունն իրենով զբաղվո՞ւմ է։

 

Այնուհետև հունվարի 31-ին Դաչիչը Բելգրադի էլիտար ռեստորաններից մեկում հանդիպել է Ռադուլովիչի հետ, իսկ զրույցի մանրամասներն էլ գործարարը հաղորդել է Շարիչին։

 

Անձամբ վարչապետը հայտարարել է, որ մի քանի անգամ հանդիպել է Ռադուլովիչի հետ, սակայն իրականում չի իմացել, որ գործարարը կապեր ունի հանցավոր աշխարհի հետ։