Մեկնարկեց ԱԺ քառօրյան՝ կիսատ հնչած օրհներգով

12:43 • 04.02.13

Այսօր մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ` գարնանային նստաշրջանը, և քանի որ գրանցված էր 110 պատգամավոր, այսինքն՝ կար քվորում, նիստը հայտարարվեց բացված՝ ՀՀ պետական օրհներգի ներքո, որը կիսատ հնչեց:


Ութսունմեկ կետից բաղկացած օրակարգը ներկայացնող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ինչու օրհներգը կիսատ հնչեց, ապա նկատեց, որ մինչ ԱԺ-ում նիստ է գումարվում, ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ բողոքի ցույց են անում ատամնաբույժները: Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց օրհներգի մասին Փոստանջյանի հարցին։


Նշենք, որ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Զարուհի Փոստանջյանի և նրա կուսակից պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որի նախագծով ԱԺ-ն պետք է որոշում ընդուներ Թեղուտի պղնձամոլիբդենային շահագործման թույլտվության օրինականության ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: ԱԺ–ում այն այսօր մերժվեց ձայների 16 «կողմ» և 65 «դեմ» հարաբերակցությամբ:


«Օրհուսի կոմիտեի որոշում կա, ըստ որի՝ ՀՀ–ն ձախողել է Օրհուսի կոնվենցիան։ Մինչդեռ ձեր նախագահը հայտարարում էր, որ մենք հարգում եք միջազգային նորմերը»,- դիմելով ԱԺ մեծամասնությանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:


Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն իրենց նախագահը չէ, այլ ՀՀ քաղաքացիների: Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին արձանագրեց, որ եթե Սերժ Սարգսյանը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը լիներ, ապա այսօր ԱԺ քառօրյայում չէին լինի հայ-թուրքական արձանագրությունները , ոչ էլ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը կքննարկվեր, որով, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նախատեսված են տարածքային հանձնումներ Ադրբեջանին։


«Ուզե՛ք, թե չուզե՛ք բոլորի նախաագահը Սերժ Սարգսյանն է»,- տեղից նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ատամնաբույժներին , ապա ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ կա նախագիծ, որն առաջիկայում կքննարկվի կառավարության հետ, ինչից հետո այն կդրվի շրջանառության:


Հիշեցնենք, որ Հայաստանի ատամնաբույժները՝ «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» գլխավորությամբ դեմ են արտահայտվում «Ստոմատոլոգիական բուժօգնության հարկման» ՀՀ օրենքին և առաջարկում են վերադառնալ հարկման նախկին եղանակին՝ վճարել շահութահարկ կամ հարկել ըստ բժիշկների դրույքաչափի: Այս առաջարկի տակ արդեն ավելի քան 1 200 ստոմատոլոգ են ստորագրել:


Ըստ նոր օրենքի՝ ստոմատոլոգները պետք է հարկվեն ատամնաբուժական բազկաթոռների թվով, և նախատեսվում է մեկ բազկաթոռի համար Երևանում վճարել 80.000 դրամ (նախկինում մոտ 15 000-20 000 էր), իսկ մարզերում՝ մի փոքր մեղմ: