Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին դարձել է իմամ արքայազնի դատապաշտպանը. ԶԼՄ-ներ
Կրթությամբ իրավաբան, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո լքել է քաղաքական ասպարեզը և որոշել է շարունակել դատապաշտպանի գործը, այժմ դատարանում պաշտպանում է իսմաիլիտների համայնքի իմամ արքայազն Աղա Խան 4-րդ Քարիմի իրավունքները, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Արքայազն Աղա Խանի ապահարզանի գործընթացն արդեն 9-րդ տարին է ձգվում: 2012թ. սեպտեմբերին ֆրանսիական Ալմենի վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն արքայազնի կինը` Ինաարան, ով նույնպես շատ հարուստ ընտանիքից է, պետք է բաժանության համար 60 մլն եվրո փոխհատուցում ստանա:
Աղա Խանի պաշտպանությունը որոշում է կայացրել բողոքարկել դատարանի որոշումը: Հաշվի առնելով, թե ինչ գումար կարող են տանուլ տալ, արքայազնի ներկայացուցիչները որոշել են դիմել Ֆրանսիայի նախկին նախագահի ծառայություններին:
Ֆրանսիական ԶԼՄ-ները նաև հիշեցնում են, որ Աղա Խանը և Սարկոզին հին ծանոթներ են: Այսպես, 2008թ. Ֆրանսիայի նախագահի որոշմամբ արքայազնը ահռելի հարկային արտոնություններ էր ստացել իր բարեգործական գործունեության համար: Մոտավորապես նույն ժամանակ, ֆրանսիական Շանթիի քաղաքապետը՝ Սարկոզիի մոտ շրջանակի մեջ մտնող Էրիկ Վերտը, ով Ֆրանսիայի աշխատանքի նախկին նախարարն էր, արքայազնից զգալի միջոցներ էր ստացել պատմական հուշարձանների վերականգնման համար:










