Սահմանադրության մեջ «անհաղթահարելի խոչընդոտին» պետք է ավելանա «անսպասելի խթանը». Աղվան Վարդանյան
Սահմանադրության մեջ «անհաղթահարելի խոչընդոտին» պետք է ավելանա «անսպասելի խթանը»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հումորով ասաց Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով ՍԴ դիմելու հարցին:
Ինչ վերաբերում է թեկնածուի Սահմանադրական դատարան չդիմելու որոշմանը, ապա այն Դաշնակցությանը «ոչ պաղ է, ոչ տաք»: Սահմանադրական դատարան դիմել կամ չդիմելն էլ բացառապես Պարույր Հայրիկյանի իրավունքն է: «Այս ընտրությունների բնութագիրը մենք տվել ենք, և հետաձգվի՞, թե ոչ, դրանից որևէ բան չի փոխվի»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին նշանակված ՀՀ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար:
Վերջինս ասաց, որ Պարույր Հայրիկյանը նոր ընտրությունները բացառում է, թեպետ անհաղթահարելի խոչընդոտներ առաջացել են, բայց այժմ չի օգտվելու և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրությունները հետաձգելու համար։
Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՅԴ Գերագույն մարմինը պետք է իր դիրքորոշումը հայտնի համակիրներին և կուսակցական ընկերներին՝ առաջարկելով ըստ այդմ առաջնորդվել:










