Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Հռոմի Պապին
Իտալիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների՝ այդ թվում Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ:
Ինչպես տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Բենեդիկտոս XVI-ի կողմից տրված հրապարակային ընդունելությունից հետո դեսպանը հրաժեշտի կարճատև զրույց ունեցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ: Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեսպան Ռուբեն Կարապետյանի միջոցով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին:
Նույն օրը դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Վատիկանի մշակույթի հարցերով Քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:Վերջինիս հետ քննարկվել են մշակույթի, մասնավորապես քրիստոնեական ժառանգության պահպանության ոլորտում, համագործակցության կարևորությունը:
Այդ կապակցությամբ Ռուբեն Կարապետյանը հայտնել է Ջանֆրանկո Ռավազիին «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի ստեղծման մասին, որը մասնագիտական բարձր մակարդակով զբաղվելու է ոչ միայն Հայաստանում և Արցախում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ և վերականգնմամբ, այլև, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, այնտեղ քրիստոնեական ժառանգության պահպանության և քաղաքակրթական երկխոսության հաստատման հարցերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ հետագա համագործակցության մի շարք գործնական հարցեր:
ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Հռոմի իտալահայ բոլոր կազմակերպությունների ղեկավարների հետ: Դեսպանությունում կազմակերպված հրաժեշտի միջոցառմանը Ռուբեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար և ներկաներին ներկայացրել վերջին տարիների ընթացքում դեսպանության կողմից կատարված աշխատանքներն ու հայ-իտալական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները:
Փետրվարի 1-ին դեսպան Ռ.Կարապետյանը այցելել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարան, ուր հանդիպել է վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկյանի և ուսանողների հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում վարժարանի կողմից դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:










