Թուղթ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը խոստացել է հրաժարվել բնական անտառների հատումից

14:10 • 05.02.13

Ինդոնեզիական Asia Pulp & Paper Group-ը (APP), որը թղթի արտադրության ոլորտում ամենախոշոր ընկերություններից մեկն է, խոստացել է հրաժարվել բնական անտառների հատումից և անցնել պլանտացիաներում աճեցվող ծառերի օգտագործմանը, հայտնում է Газета-ն։

 

Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպություններն այս հայտարարությունը «դարակազմիկ» են անվանել, սակայն այդքան էլ վստահ չեն, որ ընկերությունն իր խոստումը կպահի։

 

«Մենք լուրջ պարտականություն ենք ստանձնում, որը պահանջում է ոչ պակաս լուրջ ներդրումներ։ Սակայն դա արվում է մեր բիզնեսի կայունության, ինչպես նաև հասարակությանն օգուտ տալու նպատակով»,- հայտարարել է APP-ի տնօրեն Գանդա Վիջայան։

 

Արևադարձային Ինդոնեզիան կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարի տեսակյունից բավական կարևոր նշանակություն ունեցող տարածք է, որը գտնվում է միջազգային հանրության աչալուրջ հսկողության ներքո։ Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները պահանջում են դադարեցնել  այս վայրերում անտառների հատումն ու տորֆային ճահիճների ոչնչացումը։