Լոռու մարզի ուսուցիչներին ճնշում են, որ չմասնակցեն խախաղաղասիրության դասընթացին. հայտարարություն

11:40 • 05.02.13

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Լոռու մարզից մի քանի ուսուցիչներ դիմել են «Ուսուցիչները հանուն ժողովրդավարության և խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» թեմայով դասընթացին մասնակցելու համար, սակայն նրանց նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ՝ պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն դասընթացին մասնակցությունից:


«Նման վարքագիծը ոչ միայն անթույլատրելի է, այլև ցույց է տալիս մարզպետարանի անգրագիտությունը և ժողովրդավարական պետությունում մարզային վարչակազմի հակաժողովրդավարական վարվելակերպը և բնույթը:


Անհապաղ պահանջում ենք չխոչընդոտել ուսուցիչների մասնակցությանը դասընթացին, քանի որ այն իրականացվում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության տրամաբանության շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է Արևելյան գործընկերության գործընթացում:


Ուսուցիչների չմասնակցելը դասընթացին, որի կազմակերպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են, կդիտարկվի որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը ակնհայտ հակասող դիրքորոշում, որի պատասխանատվությունը կկրեն ոչ միայն Լոռու մարզպետարանը, այլև ՀՀ իշխանությունները»,– ասվում է հայտարարությունում:


«Ոսուցիչները հանուն ժողովրդավարության և խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» թեմայով դասընթացը նախատեսվում է անցկացնել 2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում՝ Ստամբուլում։


Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրաստման/ուսուցման մեթոդները:


Դասընթացի արդյունքում կրթական տարբեր մեթոդների տիրապետմամբ, փորձի փոխանակման միջոցով մասնակից ուսուցիչները կտիրապետեն խաղաղասիրության և կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ մեթոդներին: Դասընթացին մասնակցելու համար տարածվել է մրցույթի մասնակցության հայտարարություն: