Առողջապահության նախարարությունից առաջին անգամ հետաքրքրվել են Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով

14:24 • 05.02.13

Արդեն 16 օր հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով երեկ առաջին անգամ հետաքրքրվել են ՀՀ առողջապահության նախարարությունից։


«Հետաքրքիր բան է եղել, Առողջապահության նախարարությունից առաջին անգամ երեկ զանգել են ինձ և հետաքրքրվել Անդրիասի առողջությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն՝ ի պատասխան Tert.am-ի այն հարցադրմանը, թե արդյոք իշխանությունները վտանգ չե՞ն տեսնում, որ այս հացադուլով հնարավոր է ևս մեկ անհաղթահարելի իրավիճակ ստեղծվի։


Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ թեև Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը ներկա դրությամբ նորմալ է, սակայն նա երեկ արյան անալիզ է հանձնել, պատկերացում կազմելու իր առողջական վիճակի մասին։ «Արդյունքներ այս պահի դրությամբ դեռևս չկան։ Օրվա ընթացքում կամ վաղը հնարավոր է լինի»,- ասաց նա և նշեց, որ թեկնածուի առողջությանը բժիշկներն ամեն օր հետևում են։ Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր առողջական վիճակը երկրորդական է համարում։


Թեկնածուի ներկայացուցիչը նշեց, որ այսօր Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը դեռևս նորմալ է, և պայքարը շարունակելու է։ «Բայց գիտենք, որ ահագին բաներ կան, որ կախված են առողջությունից։ Մենք չգիտենք ինչպես կփոխվի, որովհետև 14–րդ օրից սկսած արդեն օրգանիզմում սկսում են տոքսիկների արտադրություն, որը կարող է օրգանիզմի վրա ազդել և օրգանիզմը չկարողանա պայքարել։ Բայց ինքը մտադրված է մինչև վերջ շարունակել պայքարը»,- ասաց նա և, ըստ այդմ, չբացառեց հնարավոր այն տարբերակը, որ Անդրիաս Ղուկասյանի պատճառով գուցե ևս մեկ անհաղթահարելի խոչընդոտ ստեղծվի։


«Հնարավոր է նման բան, որ առողջական վիճակն այնպես վատթարացավ, որ հնարավոր չլինի վերադարձնել նման վիճակի, և ընտրությունների համար, իսկապես, խոչընդոտ ստեղծվի, չենք կարող ասել, թե հացադուլը նրա համար ինչպիսի հետևանք կունենա։ Ամեն ինչ հնարավոր է»,- եզրափակեց նա։