Իրանում ձերբակալվել է Թեհրանի նախկին գլխավոր դատախազը

12:10 • 05.02.13

Իրանում ձերբակալվել է Թեհրանի նախկին գլխավոր դատախազ Սայիդ Մորթազավին, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ձերբակալության պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

 

Տարածաշրջանային փորձագետները, սակայն, նշում են, որ ձերբակալության պատճառը կարող էր լինել գործադիր և օրենսդիր մարմինների լարված հարաբերությունները, մասնավորապես՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի միջև։

 

Իրանի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նա կուսումնասիրի Մորթազավիի գործը՝ Եգիպտոս կատարելիք այցից հետո։

 

Ինքը՝ Ահմադինեժադը, ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ, սակայն ընդգծել է, որ դատական իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, այլ ոչ որևէ ընտանիքի։

Այդ հայտարարության ենթատեքստից պարզ է դառնում, որ նախագահը նկատի ունի Լարիջանի եղբայրներին. դատական իշխանության ղեկավարն Իրանում Սադեք Լարիջանին է՝ Ալի Լարիջանիի եղբայրը։